Ռուսերենում հայտնի (անտրամաբանական) խոսք կա՝ «бьёт, значит любит». «Ծեծում է, նշանակում է, սիրում է»:
Հիմա դա լավագույնս կիրառվում է Հայաստանում:
ՔՊ կոչվող խմբակը, որն այս պահին Հայաստանում իշխանություն է համարվում, իր վարչապետացուով «ծեծում» է Հայաստանին և հայ ազգին ինչքան կարող է և բնորոշում է դա որպես «բացառիկ սիրո դրսևորում հայրենիքի և ժողովրդի հանդեպ»:
Այդ խմբակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը նույն կերպ վարվում է մայրաքաղաք Երևանի հետ: Ընդ որում, չի խորշում տեղի-անտեղի ընդգծել իր երևանցի լինելու մասին: Ի՞նչ անի. նա էլ Երևանն է «կոպիտ սիրում»:
Իսկ եթե մի կողմ դնենք իրոնիան, խայտառակություն է ունենալ Երևանի սրտում բոլոր առումներով այլանդակ նման շինություններ: Ե՛վ երկիրը, և՛ մայրաքաղաքը ավերում են, ինչքան հնարավոր է: Նույնիսկ պետության դեմք հանդիսացող պատմամշակութային բացառիկ արժեքները չեն «կանգնեցնում» նրանց այդ աղետալի գործունեությունից:
Շուտով կսկսվի քաղաքապետի քարոզարշավը, և անմեղ, միամիտ դեմքերով կգան ու կսկսեն հեքիաթներ պատմել, թե ինչքան են սիրում Երևանը և ինչեր են անելու մայրաքաղաքի համար, եթե ընտրվեն:
Հ.Գ. 1. նկարներում «Կինո Ռոսիայի» հատվածն է: Համեմատեք, թե ինչ ունեինք Խորհրդային Հայաստանի տարիներին և ինչի ենք վերածել այն Անկախ Հայաստանի օրոք:
Հ.Գ. 2. Յուրահատուկ կերպով լուռ են ոլորտի ՀԿ-երը: Ֆիրդուսի շուկա, Ռոսիա կինոթատրոն, Ֆիզգոռոդոկ, Կոմիտաս, Սուրմալու... Խնդիրներ չե՞ք տեսնում, ամեն ինչ նորմա՞լ է:
Թե՞ Հյուսիսային պողոտայից, պրոսպեկտի պուրակից, Աֆրիկյանների տնից հետո «հոգնել» եք, կամ միգուցե աշխատելու կարիք այլևս չկա՞, ապահովվա՞ծ եք, կու՞շտ:
Իսկ կարո՞ղ է նույն տեղից եք սնվում, ինչ ՔՊ-ն, և պայքարը բնավ արժեքային չէր:
Արսեն Ջուլֆալակյան